Հայաստանում հասարակայնության հետ կապերի ոլորտում առաջատար ընկերություններից մեկը՝ SPRING PR-ը Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիայի՝ IPRA-ի հետ միասին համագործակցության նոր նախագիծ են մեկնարկում:
Այս տարի PR-ի ոլորտում նշանակալի նվաճումներն արձանագրող միջազգային Golden World Awards մրցանակաբաշխությունը եւ տարվա Գալա-ընթրիքը տեղի կունենան Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում:
IPRA-ն եւ SPRING PR-ընկերությունը հանդես են գալիս հայտարարությամբ՝ հրավիրելով տեղական եւ տարածաշրջանային ընկերություններին, PR-գործակալություններին, միջազգային եւ պետական կառույցներին մասնակցելու մրցույթին՝ նեկայացնելով իրենց հաղորդակցմանը վերաբերող լավագույն նախագծերը։
Մրցույթն այժմ բաց է, դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 13-ն է։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.ipra.org կայքում։
IPRA-ի եւ SPRING PR-ի համագործակցությունը հասարակայնության հետ կապեր մասնագիտության համար զարգացման նոր հեռանկարներ կստեղծի հաղորդակցությունների ոլորտում ձեռքբերումներն ու գործունեությունը ներկայացնելու համար։
IPRA-ի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շեփարդը նշում է. «IPRA-ի Golden World Awards մրցանակաբաշխությունն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում: Մեզ հյուրընկալած վերջին քաղաքներից են Բարսելոնան, Սոֆիան, Դոհան, Յոհանեսբուրգը: Մենք ուրախ ենք, որ այս տարի աշխարհի PR հանրույթին միավորելու եւ հյուրընկալելու ենք գեղեցիկ եւ հրաշալի Երեւանում»:
«Սա մեծ իրադարձություն է ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր թիմի համար, քանի որ այս տարի SPRING PR-ը նշում է իր գործունեության 10-ամյակը: Հրաշալի առիթ է հոբելյանական տարեդարձը նշել մեր գործընկերոջ՝ Միջազգային PR ասոցիացիայի հետ համատեղ այս մեգամիջոցառմամբ», - նշում է SPRING PR- ընկերության համահիմնադիր եւ հաղորդակցման ու միջազգային նախագծերի ղեկավար Տաթեւիկ Սիմոնյանը։





























