Վերջին օրերին կրկին ակտիվացել են խոսակցությունները, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Ընդ որում, նույնիսկ նշվում է, թե Քոչարյանին այդ գործում օգնելու են նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որոնք առաջիկայում լայն դաշինք են հիմնելու՝ Քոչարյանի վերադարձի համար քաղաքական հենարան ապահովելու համար:

NEWS.am-ը Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձի վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեց ընդդիմադիր եւ իշխանամետ քաղաքական գործիչներից: Թե՝ ընդդիմադիր, թե՝ իշխանամետ մեր զրուցակիցները գործնականում բացառեցին գոնե այս պահին Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորությունը, նշեց. «Կարծում եմ՝ դրա հավանականությունը բացառել չի կարելի, բայց հաշվի առնելով 2008թ. մարտի 1-ի զագացումները, այդ վերադարձը հասարակական պահանջարկ չունի: Կարծում եմ՝ դա ոչ ճիշտ վերադարձ կլինի: Որքան հեռու լինի երկրորդ նախագահը քաղաքականությունից, այնքան ավելի օգտակար կլինի Հայաստանի Հանրապետության համար»: Նշելով, որ Քոչարյանը հասարակական պահանջարկ չունի, Արմեն Մարտիրոսյանը կոնկրետ մատնանշեց մարտի 1-ի զոհերն ու վիրավորները: «Չմոռանանք, որ Սահմանադրությամբ ուժ կիրառելու իրավունք ունի միայն նախագաը: Էլ չասած 20-օրյա ապօրինի արտակարգ դրության մասին, Երեւանում անօրինական զորք մտցնելը»,- մանրամասնեց Մարտիրոսյանը: NEWS.am-ի դիտարկմանը Քոչարյանի հենարան հանդիսացող քաղաքական ուժերի ակտիվացման վերաբերյալ Մարտիրոսյանը պատասխանեց. «Կարող են շատ ակտիվանալ, պիտի պահանջարկ լինի: Որքան էլ քաղաքական պրոցեսներն ու հասարակությունն իրարից անջատ են որոշ առումով, այնուամենայնիվ պետք է հասարակության պահանջարկ լինի, իսկ այդպիսին բնականաբար չկա»:

ՀՀԿ անդամ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ ասաց, թե մեկնաբանություն չունի Քոչարյանի հնարավոր վերադարձի վերաբերյալ: «Ես մեկնաբանություն չունեմ: Քոչարյանն արդեն մի անգամ հայտարարել է, որ տեղափոխվում է մասնավոր ոլորտ: Այս պահին նա իր որոշումը կայացրել է»,- շեշտեց Դավիթ Հարությունյանը՝ միաժամանակ հպարտ-հպարտ հավելելով. «Եթե նախագահն ուզենա վերադառնալ քաղաքականություն, նա այդ մասին կհայտարարի»: Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը երկար տարիներ Քոչարյանի վարչակազմում զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը: