Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քաջատեղյակ է նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին: Այս մասին հայտարարել է նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը, անդրադառնալով «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների բարձրացրած հարցերի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին:
«Հրայր Թովմասյանը նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո անձամբ այցելել է մի շարք ՔԿՀ-ներ, այդ թվում «Վարդաշեն» ՔԿՀ, տեղում ծանոթանալու դատապարտյալների պահման պայմաններին: Այցելության ընթացքում նախարարը զրուցել է նաեւ դատապարտյալների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այցելությունների ավարտին ամփոփվելու են արդյունքները եւ տրվելու են համապատասխան հանձնարականներ քրեակատարողական վարչության ղեկավարությանն ու անձնակազմին:
«Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալների կողմից նախարարին հասցեագրված դիմումում բարձրացված հարցերը նախարարի ուշադրության կենտրոնում են, ներկայում նախարարությունում ուսումնասիրվում է նաեւ պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրները կարգավորելու հարցը:
Դատապարտյալների կողմից բարձրացված մյուս հարցերի առնչությամբ հարկ է նշել, որ պատժի կրման «բաց տեսակի» հետ կապված հարցերը կարգավորված են քրեակատարողական օրենսգրքով եւ այդ կարգավորումներից հստակ երեւում է, որ պատժի կրման այդ տեսակին անցնելու համար գոյություն ունեն հատուկ սահմանված կանոններ:
Նույն օերնսգրքով ամրագրված է նաեւ դատապարտյալների կարճատեւ մեկնումների իրավունքը, որը տրամադրվում է բացառիկ հանգամանքներում, օրինակ` հարազատի մահը, սակայն սա եւս ունի առանձնահատկություն, որը կապված է դատապարտյալի գործած հանցավոր արարքի տեսակի, ազատազրկման ընթացքում նրա դսեւորած վարքագծի հետ:
ՔԿՀ-ներում գոյություն ունեցող պայմաններն, ինչից իրավացիորեն դժգոհում են դատապարտյալները, մեծամասամբ պայմանավորված է այդ հիմնարկների գերբեռնվածությամբ, շենքային ոչ բավարար եւ այլ օբյեկտիվ պայմաններով: Ուստի հստակ քայլեր են մշակվում եւ ձեռնարկվում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազատազրկման վայրերում գտնվող տասնյակ դատապարտյալներ հայտարարել են, որ եթե իրենց պահանջները հաշվի չառնվեն, իրենք հաջորդ շաբաթվանից բողոքի ակցիաներ կսկսեն, մասնավորապես` հացադուլ կհայտարարեն: Մասնավորապես, նրանք ցանկանում են փակ ռեժիմից բաց ռեժիմ տեղափոխվելու իրավունքից օգտվել, պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքից օգտվել, եւ նաեւ կարճաժամկետ մեկնելու` 5-7 օր արձակուրդի իրավունքից օգտվել:




























