Արտասահմանցի ներդրողների համար դժվար է կանխատեսել ապագայի ծախսերը։ Սա Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Մարի Անն Սփիլմանի կարծիքն է, որը նա հնչեցրեց այսօր՝ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած քննարկման ընթացքում։

Ըստ Սփիլմանի՝ չկարողանալով պլանավորել ծախսերը՝ ներդրողները Հայաստանը չեն դիտարկում որպես «ապագայի ինվեստիցիոն միջավայր»։

Պրոֆեսորը տեղեկացրեց, որ իրենց համալսարանը մի քանի ծրագիր է փորձել իրականացնել Հայաստանում, սակայն մշտապես հանդիպել է նույն խնդիրներին՝ անկանխատեսելիություն եւ անկայունություն։ Ըստ Սփիլմանի՝ այս խոչընդոտներն այնքան զորեղ են, որ նույնիսկ Սփյուռքը չի կարողանում Հայաստանում ներդրումներ կատարել։ «Սփյուռքը նույնպես հնարավորություն է փնտրում ներդրումներ կատարելու համար, սակայն նույնպես բախվում է բիզնես միջավայրի այս մթնոլորտի հետ։ Սա գալիս է համակարգի ոչ լավ կառավարումից»,- եզրակացրեց Մ. Սփիլմանը։