ԱՄՆ Պետդեպը լռել է այն մասին, որ արտասահմանյան կառավարությունները առանց Կոնգրեսի համաձայնության շքեղ տարածքներ են վարձակալում Trump World Tower-ում՝ գրում է Washington Times-ը։

Երկնաքերը գտնվում է Մանհեթենում ՄԱԿ-ի շենքի կողքին։

Պետդեպարտամենտի զեկույցները ցույց են տվել, որ Իրաքի, Քուվեյթի, Մալայզիայի, Սաուդյան Արաբիայի, Սլովակիայի, Թաիլանդի եւ Եվրոպական միության կառավարություններին Թրամփի երդմնակալությունից հետո մի քանի ամիս թույլ է տրվել բնակարաններ վարձակալել։

Կոնգրեսի աշխատակիցները հայտնել են, որ այս վարձակալության հարցումները երբեք Կոնգրես չեն մտել։

Իրավական հարցերով փորձագետները հայտարարել են, որ այս գործարքները պետք է համաձայնեցվեն Կոնգրեսի հետ, կամ ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ կարող են դիտարկվել որպես պարգեւատրման մասին դրույթի խախտում։ Նշված դրույթը պահանջում է, որ մինչ ԱՄՆ պաշտոնատար անձինք վճարումներ կամ նվերներ կընդունեն արտասահմանյան պետություններից, պետք է ստանան Կոնգրեսի համաձայնությունը։