Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկանում է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ առանց երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փորձի նախապայմանի, հայտնում է Sankei Shimbun-ը:
«Ես ցանկանում եմ հանդիպել նախագահ Կիմ Չեն Ընի հետ՝ առանց նախապայմանների եւ նրա հետ խոսել անկեղծ ու անկողմնակալ»,- նշել է նա:
Աբեն վերջերս մեղմել է Փհենյանի վերաբերյալ իր հռետորաբանությունը՝ կոչ անելով Կիմ Չեն Ընի հետ բարձր մակարդակով հանդիպում ունենալ՝ կարգավորելու համար հյուսիսկորեացի գործակալների կողմից Ճապոնիայի քաղաքացիների առեւանգման հետ կապված խնդիրները: «Մեր երկրի համար առավել քան կարեւոր է այս խնդրի լուծման համար նախաձեռնություն դրսեւորելը»,- ասել է Աբեն:
«Մենք չենք կարողանա Ճապոնիայի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ փոխադարձ անվստահության պատյանը կոտրել, եթե ես չհանդիպեմ անմիջապես Կիմի հետ,- ասել է նա: - Հույս ունեմ, որ նա այն առաջնորդն է, որը կարող է ընդունել ռազմավարական եւ ճկուն որոշում այն մասին, թե ինչն է լավ իր երկրի համար»:



























