Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արգենտինացի դիվանագետ Լեանդրո Դեսպույին պարգեւատրել է «Մխիթար Գոշ» մեդալով,- հայտնել է Արգենտինայի հայկական համայնքի Diario Armenia թերթը։

Դոկտոր Դեսպույը կրթությամբ իրավաբան է, եղել է դիվանագետ, ՄԱԿ-ում մարդու իրավունքների հարցերով դեսպան, երկար ժամանակ աշխատել է որպես մարդու իրավունքների փորձագետ, գրել է այդ ոլորտին առնչվող գիտական մի շարք աշխատություններ։ Նա անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի Գուանտանամո ռազմա-ծովային հենակայանում բանտարկվածների հարցին, որոնք կասկածվում են միջազգային ահաբեկչության մեջ։ Արգենտինայում ռազմական բռնապետության տարիներին (1976-1983 թթ.) Լ. Դեսպույը եղել է քաղաքական այլախոհ եւ հետապնդումների է ենթարկվել իշխանությունների կողմից։

ՀՀ նախագահի սեպտեմբերի 17-ի հրամանագրի համաձայն, Լ. Դեսպույն արժանացել է Հայաստանի բարձրագույն պարգեւի՝ Օսմանյան Թուրքիայում Հայերի Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման գործում ունեցած զգալի ավանդի համար։