Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն չեղարկել է ԱՄՆ նախատեսված այցը ԼԳԲՏ իրավունքների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված բողոքների պատճառով, տեղեկացնում է BBC News-ը։

Բոլսոնարուն պետք է մասնակցեր իր պատվին Նյու Յորքում բրազիլա-ամերիկյան առեւտրային պալատի կազմակերպած արարողությանը։ Միջոցառումները չեղարկվել են քաղաքի մի շարք այլ վայրերում նույնպես։

Նախագահի մամուլի քարտուղար Օտավիո Ռեգո Բառոսը այցը չեղարկելու համար մեղադրել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին՝ ասելով, որ «ճնշումներ կան շահագրգիռ խմբերի կողմից»։

Բնական պատմության ամերիկյան թանգարանում, որը սկզբում համաձայնել էր իր մոտ գալա-ճաշկերույթ կազմակերպել ի պատիվ Բրազիլիայի նախագահի, նույնպես չեղարկել է այս միջոցառումը՝ պետության ղեկավարին քննադատելով շրջակա միջավայի վերաբերյալ նրա քաղաքականության համար։

ԱՄՆ-ում Բոլսոնարուի այցին նվիրված միջոցառումը հվանավորելուց հրաժարվել է նաեւ Delta Airlines ավիաընկերությունը, ինչպես նաեւ Financial Times-ը, Bain & Co քոնսալթինգային ընկերությունը։

Բրազիլիայի էկոակտիվիստները, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության մի շարք կազմակերպություններ, այդ թվում նաեւ Greenpeace-ը, Ժաիր Բոլսոնարուին անվանել են «Բրազիլիայի էկոհամակարգի սպառնալիք», քանի որ նա մտադիր է զբաղվել Ամազոնիայի անտառների կառուցապատմամբ։

Բացի այդ, հանրության զայրույթն են առաջացնում նախագահի հոմոֆոբ դիրքորոշումները։

Շրջակա միջավայրի պաշտպանները նամակ են գրել Բնական պատմության ամերիկյան թանգարան՝ պատմելով Բոլսոնարուի ծրագրերի մասին, որոնք հնչեցվել են ապրիլի 8-ին ռադիոյին տված հարցազրույցում։

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն Բոլսոնարուին անվանել է «շատ վտանգավոր մարդկային էակ»։