Իսպանական Վալենսիա քաղաքում ավարտվել է աշխարհի 12-րդ եւ 13-րդ չեմպիոններ Անատոլի Կարպովի եւ Գարի Կասպարովի միջեւ մրցամարտը վերջինիս ջախջախիչ առավելությամբ:
Արագ շախմատում Կասպարովը չորս խաղում հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Դրանից հետո աշխարհի նախկին չեմպիոններն ուժերը չափեցին բլից-շախմատի 8 հանդիպումներում: Կասպարովն առաջին պարտիայում զիջեց Կարպովին, եւս երկու հանդիպում ավարտվեց ոչ-ոքի, իսկ մյուս հինգ հանդիպումներն ավարտվեցին Կասպարովի հաղթանակով: Բլից-շախմատի մրցաշարն ավարտվեց 6:2 հաշվով, եւ ընդհանուր հաշվարկով Վալենսիայում Կասպարովը հաղթանակ տարավ 9:3 հաշվով:
Ի դեպ, Կասպարովն ու Կարպովը հանդիպելու են նաեւ չորս այլ երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ Անգլիայում: Մրցաշարը նվիրված է մոտ երկու տասնամյակ առաջ երկու հզոր շախմատիստների միջեւ անցկացրած հանդիպումներին, եւ անցկացվում է բոլոր այն երկրներում, որտեղ ժամանակին հանդիպել են շախմատիստները:



























