Սեպտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանում լսվելու է «Լեւոն Բարսեղյանն ընդդեմ ՀՀ նախագահի աշխատակազմի` տեղեկատվություն տրամադրելուն պարտադրելու պահանջի մասին» դատաքննությունը:

Լրագրողների «Ասպարեզ» ակումբից NEWS.am-ին հայտնում են, որ հայցվորը ստիպված է եղել դիմել Վարչական դատարան, որովհետեւ «Հազարամյակի Մարտահրավեր»-ի տնօրեն Ջ.Դանիլովիչին` 2008 թվի մարտի կեսերին Ռ.Քոչարյանի հղած նամակը ստանալու համար ՀՀ նախագահի աշխատակազմին հղած 4 հարցումները, երկու բողոքներն ու հայտարարված պարգեւագումարները արդյունք չեն տվել:

Ըստ Բարսեղյանի՝ արդեն 1,5 տարի է այդ նամակի բովանդակությունը գաղտնի է պահվում հասարակությունից, ՀՀ նախագահի աշխատակազմը այս արտակարգ գաղտնիությունը երբեք չի պատճառաբանել այն հանգամանքով, թե որոնվող նամակում օրենքով սահմանված ինչ-որ գաղտնիք կա:

Դատաքննության նախնական նիստին, որ կայացել էր 2009թ. հուլիսի 9-ին, նախագահի աշխատակազմից որեւէ մեկը չէր ներկայացել: Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը դատարանին հայտնել էր, թե Ռոբերտ Քոչարյանի նամակը Ջոն Դանիլովիչին տեղեկատվություն չէ:

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, Քոչարյանն այդ նամակում ուղղակի սպառնալիքներ է հնչեցնում ամերիկյան կորպորացիային, որը համարձակվել էր չհատկացնել Հայաստանին տրամադրվելիք գումարը: