Հայաստանում ձեւավորված արատավոր պրակտիկան եւ քաղաքականությունը, իսկ հատկապես մենաշնորհների կողմից հովանավորչությունը, ինչպես նաեւ քաղաքականության եւ տնտեսության սերտաճումը պետք է բերեին տնտեսության հենց այսպիսի մոդելի: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ նման մոդելը ակտիվորեն օգտագործվել է նախկին իշխանությունների կողմից: Ընդ որում՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս կատարած հայտարարությունները, տնտեսագետը նշեց, որ երկրում արդեն ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ երկրի ցանկացած քաղաքացի կարող է զբաղվել տնտեսական գործունեության ցանկացած տեսակով: «Այլ հարց է՝ նման գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող մարդիկ ունե՞ն համապատասխան հնարավորություններ՝ լինի ֆինանսական թե այլ: Օրինակ՝ նրանք արդյոք կարո՞ղ են սկզբունքորեն թեկուզ ինչ-որ ժամանակ շուկայում դիմանալ: Այս ամենն անչափ կարեւոր է, քանի որ այնքան էլ հեշտ չէ կործանել մենաշնորհների այն համակարգը, որը երկար տարիներ շուկայում ձեւավորվել է: Դրա համար ժամանակ է հարկավոր: Սակայն դա կարող է այնքան ժամանակ չպահանջել, եթե օգտագործվեն 1917 թվականի հեղափոխական մեթոդները, որոնք կիրառվել են 2018 թվականի հայկական հեղափոխության իրականացման ժամանակ»,- պարզաբանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհը:
Նրա կարծիքով՝ նոր իշխանությունները չեն օգտագործում այն բոլոր ռեսուրսները, որոնք կան կառավարության զինանոցում: «Օրինակ՝ ինձ ամենից շատ հետաքրքրեց վառելանյութի շուկան: Եվ երբ սկսեցի հետաքրքրվել, թե մինչեւ հիմա ինչու Հայաստանում միայն 3 ընկերություն է զբաղվում բենզինի իրացմամբ՝ այն դեպքում, երբ հարեւան Վրաստանում դրանով զբաղվում է 8 ընկերություն, ապա պարզվեց, որ վրացական կողմը մեր նկատմամբ արհեստական խոչընդոտներ է ստեղծել: Կարծում եմ՝ մեր կառավարությունը զբաղվելու գործ ունի»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Այդուհանդերձ, նա համաձայնվեց, որ Հայաստանում առանձին դպքերում շարունակում է պահպանվել մի շարք սուբյեկտների գերիշխող դիրքը:





























