Միամտություն կլինի կարծել, որ «շուկայի թագավորները»՝ ի դեմս ներմուծողների եւ արտադրողների, հեշտությամբ կզիջեն իրենց արտոնյալ կամ մենաշնորհային դիրքն ու գերշահույթները: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի  Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Ընդ որում՝ նա չբացառեց, որ խոշոր ներմուծողները կարող էին իրենց բիզնեսն ընդլայնել այլ ընկերություններ հիմնելու հաշվին՝ ստեղծելով շուկայական մրցակցության երեւութականություն: «Բայց շուկայի ազատականացման եւ մրցունակության մեծացման չափանիշը գերշահույթների ինստիտուցիոնալիզացիան է՝ մրցակցության հաշվին, ինչը վերջնարդյունքում հանգեցնում է շահութաբերության նվազման»,- պարզաբանեց Մարգարյանը: Փորձագետը, միաժամանակ, նշեց, որ ցանկացած բիզնեսի նպատակը շուկայում մենաշնորհային դիրքի հասնելն է, եւ սա պետք է ընկալվի որպես որոշակի չափանիշ:

Տնտեսագետի կարծիքով, սակայն, անչափ բարդ խնդիր է շուկա այլ ընկերությունների մուտքը խրախուսելը եւ նրանց միջեւ որոշակի մրցակցության ապահովման փորձ կատարելը: «Երկրորդ ճանապարհը ինստիտուցիոնալ որոշումներն են: Պարզ ասած՝ անհրաժեշտ է օրինականորեն, առաջադեմ կերպով նրանցից շահութահարկ գանձել»,- շեշտեց Մարգարյանը՝ քննադատելով Հարկային օրենսգրքի բարեփոխումները: Փորձագետը համոզված է, որ անհրաժեշտ է ոչ թե հարկերը հավասարեցնել հասարակության բոլոր շերտերի համար, այլ ելնել տարբերակված շահութահարկի կիրառման սկզբունքից: