2019 թվականի մայիսի 6-ին, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողության շրջանակներում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Հրշեջներ» թեմային:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «ՀայՓոստ» ՓԲԸ լրատվական ծառայությունից։

330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի Lowe Martin Group տպագրատանը՝ 30 000 տպաքանակով:  Նամականիշերի դիզայնի հեղինակն է  «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա պատկերված են հրշեջներ՝ կրակի դեմ պայքար մղելու պահին, իսկ նամականիշի խորապատկերին ներկայացված է հրշեջ մեքենա: Նամականիշը ձևավորված է գեղարվեստական ոճով՝ կապույտ և դեղին հակադիր գույների համադրությամբ՝ խորհրդանշելով ջրի և կրակի պայքարը:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնատար հյուրերի ներկայությամբ: