Առաջարկում եմ Հայաստանի Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ անցկացնել Ղարաբաղին անկախություն տրամադրելու հարցի ժամկետների վերաբերյալ։ Այս մասին Ստեփանակերտում, «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում մայիսի 7-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ պատասխանելով խորհրդարանում Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի ներկայացման հնարավորության հարցին։

«Քայլերը, որոնց մասին մենք խոսում ենք, պետք է ձեւավորվեն հենց այստեղ։ Սկզբի համար առաջարկում եմ դիտարկել դրանք որպես գործողությունների ծրագիր։ Պետք է նշել բոլոր մեխանիզմները, պարզել ֆինանսավորման աղբյուրներն ու միջոցները, լոբբինգի մոտեցումները։ Այսինքն՝ պետք է մանրամասն հասկանալ ամբողջ ճանապարհային քարտեզը՝ չբացառելով նաեւ գաղտնիության պահպանման անհրաժեշտությունը։ Երբ մենք հասնենք դեմոկրատիայի իրական մակարդակի, ապա կարող ենք այդ գործոնն օգտագործել որպես հիբրիդային պատերազմի վարման գործիք»,- նշել է պատգամավորը։

Բագրատյանը վստահություն է հայտնել, որ ամենագլխավորը տնտեսության զարգացումն է, առանց որի Ղարաբաղի ճանաչման հույս ունենալ չի կարելի։

«Ղարաբաղը պետք է հզոր տնտեսություն ներկայացնի։ Օրինակ կարող է ծառայել Սինգապուր պետությունը, որը 540 հազար քառակուսի մետր տարածքի վրա կարողացել է դառնալ աշխարհում հզորներից մեկը։ Բարձր տեխնոլոգիաները թույլ են տալիս հասնել դրան անգամ շրջափակման պայմաններում»,- ասել է նա։

Պատգամավորը պարզաբանել է, որ անհրաժեշտ չի համարում շատ մեծ նշանակություն տալ Ղարաբաղի արագ ճանաչմանը, քանի որ եթե գրանցվի ղարաբաղցու կյանքի բարձր մակարդակ հայրենի հողում, դա բավական կլինի, որպեսզի մյուս պետությունները ճանաչեն ԼՂՀ անկախությունը։

«Եթե մենք ձեւավորենք համազգային նպատակ եւ չփորձենք դրանից ներքաղաքական դիվիդենդներ շահել, դա կարող է դառնալ կարեւոր հիմքերից մեկը, որպեսզի մենք հասնենք ցանկալիին։ Ինքնաբավ պետությունները ժամանակի ընթացքում թուլանում են, եւ մենք պետք է մեր նպատակները կառուցենք այս գործոնի հաշվառմամբ»,- ամփոփել է պատգամավորը։