«Ցավոք սրտի գյուղը եւ գյուղատնտեսությունն անցած տարի տուժել են՝ մի կողմից բնակլիմայական պայմանների, մյուս կողմից՝ անուշադրության պատճառով»,- այդ մասին Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը : Նախագահը մասնակցել է Ծաղկաձորում ընթացող «ՀՀ գյուղատնտեսության զարգացման 2011 թվականի ծրագրերը եւ հիմնախնդիրները» թեմայով խորհրդաժողովին եւ խոսել գյուղատնտեսության ասպարեզում նոր ծարգրերի անհրաժեշտության հարցի մասին։

Խորհրդաժողովին մասնակցել է նաեւ Գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ֆերմերներ եւ գյուղատնտեսական ձեռնարկությունների ղեկավարներ։

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը լրագրողներին ասել է. «Երեկ ես մեր տնտեսական թիմին կոչ եմ արել ավելացնել ջանքերը եւ առանձնապես ուշադրություն դարձնել գյուղին եւ գյուղատնտեսական ոլորտին։ Ցավոք սրտի գյուղը եւ գյուղատնտեսությունն անցած տարի տուժել են՝ մի կողմից բնակլիմայական պայմանների, մյուս կողմից՝ անուշադրության պատճառով։

Բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք միշտ չէ, որ արդյունավետ են եղել։ Նոր ծրագրերի անհրաժեշտություն կա։ Այսօր քննարկել ենք այդ նոր ծրագրերը։ Դրանց միջոցով մարդկանց պետք է համոզել, որ նրանք մենակ չեն, իրենց  կողքին կան պետական պաշտոնյաներ, որոնք ավելի քիչ շահագրգռված չեն գյուղացու հաջողություններով, քան իրենք՝ գյուղացիները»,- նշել է նախագահը։

Վերջինիս խոսքով, արտաքին խնդիրները չափազանց կարեւոր են, բայց արդյունավետ կարող են լուծվել, եթե պետությունն ամուր հիմք ունի։ «Պետության ամենակարեւոր օղակներից մեկը գյուղատնտեսությունն է։ Մոտենում է գյուղատնտեսական սեզոնը։ Սա մեր աշխատանքային վերջին խորհրդակցությունն էր, շատ կարեւոր է, որ այս քննարկմանը մասնակցում էին ոչ միայն գյուղնախարարության ղեկավար կազմի եւ միջազգային  կազամակերպությունների ներկայացուցիչներ, այլ նաեւ ֆերմերներ, գյուղատնտեսական ձեռնարկությունների ղեկավարներ, մարզպետարանների ներկայացուցիչներ, ովքեր տեղյակ են այս խնդիրներին»,- ասել է երկրի ղեկավարը։ Նա նաեւ հույս է հայտնել, որ այս տարի հնարավոր կլինի վերադարձնել կորցրածը։