Վերջին 1-2 տարիներին Հայաստանում ընդդիմության հանրահավաքներն անցնում են կոռեկտության սահմաններում։ Այսօր՝ մարտի 12-ին լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ «Կարծում եմ, որ եւ իշխանությունները, եւ ընդդիմադիրները ճիշտ հետեւություններ պետք է անեն անցյալի սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ եւ ընդդիմության, եւ իշխանության շարքերում կան մարդիկ, որոնք մեծ փորձ ունեն, գիտեն, թե ինչ է նշանակում պետություն եւ պետականություն, կարող են տեսնել այն սահմանը, որը կա հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների եւ քաղաքական նկրտումների միջեւ։
Նախագահը նաեւ պատրաստակամություն հայտնեց լսելու ընդդիմության քննադատություններն ու առաջարկությունները, եթե դրանք լինեն իրատեսական, այլ ոչ թե ուղղված էլեկտորատի ձեռք բերմանը կամ ինչ-որ գործընթացների վրա ազդեցության ապահովմանը։
«Թեեւ դա էլ նորմալ երեւույթ է՝ ընդդիմության դերը կայանում է հենց նրանում, որ տեսնի պրոբլեմները, քննադատի եւ հաջորդ ընտրություններին, ունենալով կողմնակիցների մեծ բանակ, դառնա իշխանություն, եւ այսպես շարունակ։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացները ճիշտ ճանապարհով են գնում»,- ամփոփեց հանրապետության նախագահը։




























