Վրաստանում ի հայտ եկած բեռլինյան նոր պատը երկրից անջատել է նրա մեկ հինգերորդ մասը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին՝ նախօրեին ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում։

«Ցավալի դեպքերի բերումով, նախորդ սերնդի Վրաստանը, ինչպես ժամանակին Գերմանիան, հանդիսանում են խորը վերք ստացած ազգեր»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ այդ կերպ զուգահեռներ անցկացնելով բեռլինյան պատի ու Վրաստանի տարածքային ամբողջականության կորստի միջեւ։ Միաժամանակ նա խոստացել է, որ Աբխազիան ի վերջո կվերադառնա Վրաստանի գիրկը։

Ըստ վրաց նախագահի, այդ հարցում այսօր երկրին աջակցում է համաշխարհային հանրության առաջադիմական հատվածը, իսկ «Ռուսաստանի կողմից է բռնակալ Ուգո Չավեսը»։

«Յասոնի ու արգոնավորդների ժամանակներից Աբխազիան եղել է պատմության մեր անցած ճանապարհի առավել արժեքավոր ու կյանքով լեցուն հատվածը։ Ժամանակի ընթացքում Աբխազիան կրկին կդառնա այն, ինչ եղել է. այսինքն՝ Վրաստանի ամենահրաշալի մասը»,- նշել է վրաց առաջնորդը։

Իր ելույթում Սահակաշվիլին անդրադարձել է նաեւ Վրաստանի ներքին իրավիճակին՝ հայտարարելով, որ երկրում սկսվել է ժողովրդավարացման գործընթաց, ինչն արտահայտվում է ընդդիմության գործողությունների նկատմամբ իշխանությունների ազատական վերաբերմունքով։