Ռիո դե Ժանեյրոյի դաշնային դատարանը որոշել է Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Տեմերին կրկին կալանավորել՝ կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ մի շարք գործերի քննության ընթացքում, հայտնում է Folha de São Paulo պարբերականը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 21-ին Տեմերին Սան Պաուլուում ձերբակալել էին կոռուպցիայով զբաղվող հանցավոր կազմակերպություն ղեկավարելու կասկածանքով, սակայն դատարանի որոշմամբ 4 օր հետո ազատել էին: Մի քանի օր անց նրան կոռուպցիայի նոր մեղադրանքներ էին առաջադրվել՝ կապված Ռիո դե Ժանեյրոյի մերձափին Angra ատոմային էլեկտրակայաների համալիրի հետ:

Պարբերականի տեղեկություններով՝ դատավորները երկու ձայնով ընդդեմ մեկի համաձայնվել են, որ նախկին նախագահը պետք է քննության ընթացքում կալանավորվի: Նույնպիսի որոշում է կայացվել ռազմական ոստիկանության պահեստազորի գնդապետ Ժոաու Բատիստա Լիմայի վերաբերյալ:

Ավելի վաղ Բրազիլիայի իշխանությունները մի քանի անգամ փորձել էին քննություն սկսել Տեմերի ենթադրվող կոռուպցիոն գործունեության հետ կապված: Անցյալ տարվա սեպտեմբերին Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հաշվետվություն էր ուղարկել երկրի Գերագույն դաշնային դատարան, որում նշված էր ապացույցների մասին, որ Տեմերը Odebrecht շինարարական ընկերությունից կաշառքներ է ստացել:

Քննիչների նյութերում նաեւ ձայնագրություն կա, որում բրազիլացի առաջնորդը խոսում է JBS-ի սեփականատեր Ժոեսլի Բատիստայի հետ եւ իբր նրան հրահանգում 630 հազար դոլար վճարել պատգամավորների պալատի նախկին ղեկավար Էդուարդ Կունյեին՝ Petrobras նավթային ընկերության շուրջ կոռուպցիայի գործով «լռության դիմաց»: