Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հինգշաբթի Սիբիում ԵՄ գագաթաժողովում նշել է իդեալական այն հատկանիշները, որոնք պետք է ունենա իր հաջորդը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Յունկերը մասնակցում է ԵՄ 27 երկրների ղեկավարների ոչ ֆորմալ բանակցություններին Տրանսիլվանիայում Եվրախորհրդարանի ընտրություններին ընդառաջ, որոնք տեղի կունենան մայիսի վերջին։ Դրանց արդյունքները կազդեն ապագա Եվրահանձնաժողովի կազմի ձեւավորման վրա, որի ներկայիս մանդատն ավարտվում է այս աշնանը։

«Եվրահանձնաժողովի ղեկավարը պետք է գաղափարներ եւ լսելու կարողություն ունենա»,- ասել է Յունկերը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպիսին պետք է լինի, իր կարծիքով, ԵՀ ապագա ղեկավարը։

Այդ պաշտոնի թեկնածուներ են Եվրախորհրդարանում ներկայացված պանեվրոպական կուսակցությունների ընտրացուցակները գլխավորող քաղաքական գործիչները։ Առավել հավանական թեկնածուն դառնում է այն քաղաքական գործիչը, ում կուսակցությունը կհավաքի ամենամեծ թվով ձայներ, ընդ որում՝ վերջնական թեկնածությունը հաստատվում է Եվրախորհրդում ԵՄ երկրների ղեկավարների քվեարկությունից հետո եւ Եվրախորհրդարանի հավանությամբ։