Դմիտրի Մեդվեդեւը Պիտսբուրգի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ չի բացառել, որ լավ աշխտանքի դեպքում կարող է 2012 թվականին առաջադրվել նախագահի պաշտոնում: «Եթե լավ աշխատեմ, եթե ինձ մոտ ամեն ինչ ստացվի, եթե ինձ վստահի ռուս ժողովուրդը, ինչո՞ւ` ոչ»,- ասել է Մեդվեդեւը, պատասխանելով 2012 թվականին իր նախագահ դառնալու հավանականությանը վերաբերող հարցին:

Ինչ վերաբերում է Պուտինի պլաններին, ապա Մեդվեդեւը խորհուրդ է տվել այդ հարցն ուղղել նրան: «Մենք տարբեր մարդիկ ենք, բայց կարծեմ այդ թեմայով նա արդեն խոսել է»,- հավելել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով, Պուտինն ասել է, որ իրենք պատասխանատու մարդիկ են, պատասխանատու քաղաքական գործիչներ եւ կկարողանան այդ հարցը միասին քննարկել: «Դա չի նշանակում, որ մենք ինչ-որ մեկի փոխարեն որոշում ենք կայացնում: Դա ուղղակի նշանակում է, որ քաղաքական որոշակի կշիռ ունեցող մարդիկ պետք է անցկացնեն նման խորհրդակցություններ»,- նշել է Մեդվեդեւը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ 2012 թվականից հետո պատրաստ է աշխատել տարբեր պաշտոններում, միայն թե դա օգտակար լինի երկրին: «Մեծ տարբերություն չկա: Ես չեմ սիրում գուշակել, եթե երկրին օգտակար լինի, ես պատրաստ եմ աշխատել ցանկացած պաշտոնում: Նախագահի կամ վարչապետի պաշտոնը բարդ բան է, մեծ տարբերություն չկա»,- կարծիք հայտնեց նախագահը: