Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի մասնակիցները մայիսի 9-ին ռումինական Սիբիու քաղաքում ընդունել են 10 հիմնական դրույթներով ծրագրային հռչակագիր, որին իրենց համաձայնությունն են տվել եվրոպական 27 երկրները՝ հայտնում է DW-ը։

Ինչպես բացատրել են քաղաքական գործիչները, փաստաթուղթը հրապարակվել է Եվրախորհրդարանի հոբելյանական ընտրությունների նախօրեին, առաջին անգամ եվրոպացիները ԵՄ այդ օրենսդիր մարմինն ընտրել են 40 տարի առաջ։

Եվրամիության երկրների պարտավորությունների թվում են միասնական Եվրոպայի պաշտպանությունը, ինչպես նաեւ պատասխանատու համաշխարհային առաջնորդի դերը ստանձնելու պատրաստակամությունը եւ ժողովրդավարության ու օրենքի գերակայությունը պաշտպանելը։

27 առաջնորդները հայտարարել են, որ իրենք «մնում են միասնական՝ չնայած ամեն ինչին» եւ կբարելավեն իրենց ընդհանուր պաշտպանությունը։ Նրանք խոստանում են սատարել իրավունքի գերակայության ուժեղ ժողովրդավարական սկզբունքներին, որոնք շատերի կարծիքով՝ վերջին տարիներին Հունգարիայից մինչեւ Լեհաստան մնացել են ճնշման տակ։

Նրանք խոստացել են առավելագույնս օգտագործել նոր առեւտրային հնարավորությունները եւ համատեղ լուծել այնպիսի գլոբալ խնդիրներ, ինչպիսին են շրջակա միջավայրի պահպանումը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը՝ հայտնում է AP-ը։

ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովը Սիբիուում տեղի է ունենում Եվրոպայի օրը՝ տոն, որը ստեղծվել է եվրոպացիների միասնականության ամրապնդման համար։ Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի կունենան մայիսի 23-26-ը։ ԵՄ օրենսդիր մարմնի նոր կազմում կաշխատի 751 պատգամավոր։