Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեային կոչ է արել «ապամոնտաժել բոլոր քաղաքական ճամբարները» եւ ազատել բոլոր քաղբանտարկյալներին, որոնց թիվը, Վաշինգտոնի գնահատականներով, կազմում է 80 000-120 000՝ հայտնում է Reuters-ը։

Ելույթ ունենալով ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդում՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Մարկ Կասեյրը նաեւ կոչ է արել Հյուսիսային Կորեայի իշխանություններին թույլ տալ օգնություն ցուցաբերող աշխատակիցների անխոչընդոտ տեղաշարժը եւ հասանելիությունը կարիքավոր բնակչությանը։

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի դեսպան Խան Սոնգը հայտարարել էր, որ Կորեական Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում «մարդու կյանքի իրավունքները եւ հիմնական ազատությունները լիարժեքորեն ապահովված են», սակայն պատժամիջոցները խանգարում են դրանց իրականացմանը։