ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի քան 2 անգամ՝ 10-ից մինչեւ 25 տոկոսի է բարձրացրել է չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքը: ԱՄՆ-ն մոտ 200 մլրդ դոլարի չինական ապրանքների ներմուծման սակագներ է մտցրել:
Չինաստանի առեւտրի նախարարությունն անմիջապես հայտարարել է, որ հակամիջոցներ կձեռնարկի՝ չհստակեցնելով, թե Չինաստանի արձագանքը կոնկրետ ինչպիսին կլինի, փոխանցում է CNBC-ն:
Մինչ այդ հույս կար, որ 2 կողմերը կկարողանան որոշման հասնել մինչեւ սակագների բարձրացման ժամկետի լրանալը, բայց գործարքը չէր կայացել: Աշխարի երկու ամենախոշոր տնտեսությունների միջեւ առեւտրային բանակցությունները կշարունակվեն ուրբաթ:
«Այսօր երեկոյան ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հանդիպել են նախագահ Թրամփին՝ քննարկելու համար Չինաստանի հետ ընթացիկ բանակցությունները: Այնուհետեւ դեսպանը եւ քարտուարը աշխատանքային ընթրիք են ունեցել Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հետ եւ համաձայնվել քննարկումն անցկացնել վաղը»,- նախօրեին երեկոյան հայտարարել էր Սպիտակ տան ներկայացուցիչը:
Business Insider-ը նշում է, որ Թրամփի վարչակազմի այս քայլը կարող է հանգեցնել ապրանքների լայն տեսականու՝ էլեկտրոնիկայից մինչեւ հագուստ, գնաճի: Չնայած Թրամփը պնդում է, որ Չինաստանը բարձր գին է վճարում, մաքսատուրքերի հիմնական բեռը կընկնի ամերիկյան ընկերությունների եւ սպառողների վրա:
Չինաստանը որպես պատասխան քայլ կարող է մաքսատուրք սահմանել ամերիկյան ապրանքների համար կամ այլ առեւտրային խոչընդոտներ ստեղծել: Չինաստանն արդեն մտցրել է ԱՄՆ-ից 110 մլրդ ապրանքի ներմուծման մաքսատուրք, ինչը զգալի խնդիրներ է ստեծել ԱՄՆ գյուղատնտեսական հատվածի համար:





























