«Իր վերջին հարցազրույցներից մեկում Սերժ Սարգսյանը խոսում է ադրբեջանցի փախստականների վերադարձի իրավունքի մասին, բայց մեկ բառ անգամ չի ասում կես միլիոն ադրբեջանահայության ճակատագրի մասին: Սա միանգամայն մերժելի մոտեցում է եւ ցույց է տալիս, որ Հայաստանն ի դեմս իր գործող իշխանության, պատրաստ չէ պաշտպանելու ազգային շահերն՝ իրենց ողջ ծավալով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Նա կարծիք հայտնեց, որ եթե խոսքը գնում է ԼՂ խնդրի կարգավորման մասին, ապա դա այլեւս միայն ԼՂԻՄ-ի հայ բնակչության խնդիրը չէ, որովհետեւ 1988 թվականից ի վեր շատ իրադարձություններ են տեղի ունեցել եւ այդ իրադարձություններն այսօր հիմնախնդրի բաղադրյալներ են դարձել` համահավասար կարգավիճակով: «Այսօր իշխանությունը հայտարարում է, որ իր համար առաջնայինը ԼՂՀ կարգավիճակի միջազգային ճանաչումն է: Շատ լավ է, բայց դա միայն խնդիրներից մեկն է, քանի որ դրանից բացի կա նաեւ կես միլիոն հայության խնդիր, որը եռակի անգամ ավելին է, քան այսօր ԼՂՀ բնակչությունն է: Մենք իրավունք չունենք աչքաթող անել նաեւ այս հարցը, ինչպես նաեւ իրավունք չունենք հայ-թուրքական հարաբերությունների զոհը դարձնել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները»,- իր խոսքն ամփոփեց Ա. Մելիքյանը:




























