ԱՄՆ հայկական համայնքի քաղաքական կուսակցությունների, միությունների ու կրոնական դավանանքների ներկայացուցիչները հինգշաբթի այցելել են Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատուն,- հաղորդում է «Ասպարեզ» թերթը։ Նրանք հանդիպել են երկրում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ, որպեսզի իրենց մտահոգությունը հայտնեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ նախաստորագրված երկու արձանագրությունների կապակցությամբ։

Պատվիրակության կազմում եղել են ԱՄՆ Հայ Առաքելական եկեղեցու արեւելյան ու արեւմտյան թեմերի, ԱՄՆ-ի ու Կանադայի Հայ կաթոլիկ եկեղեցու թեմի, Ամերիկայի հայկական միսիոներական ընկերության, «Համազգային» կրթամշակութային միության, Հայ օգնության միության, ՀՅ Դաշնակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչներ։

Պատվիրակությունը դեսպանին է փոխանցել մի նամակ, որում ընդգծվում է այն փաստը, որ վերոհիշյալ արձանագրությունների բովանդակությունը լուրջ մտահոգություն է առաջացրել ԱՄՆ հայ համայնքի, ինչպես նաեւ ողջ սփյուռքի շրջանում։ Նամակում ասվում է պատմական իրադարձությունների շուրջ բանակցությունների աննպատակահարմարության մասին եւ ընդգծվում է Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ բոլոր տեսակի բանակցություններում որպես նախապայման ճանաչելը։ Բացի այդ, նամակում ուշադրություն է հրավիրվում նաեւ այն բանին, որ սահմանների ու տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է հրաժարվել արդարության համար պայքարից։