Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ միաձայն որոշում ընդունել սատարել իշխանությունների քաղաքականությունը հայ-թուրքական մերձեցման ուղղությամբ: Ժողովին մասնակցել են ՀՀ ԳԱԱ-ի անդամները, ՀՀ ԳԱԱ-ի գիտական հաստատությունների տնօրենները, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը որոշել է հավանություն տալ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության ղեկավարության վարած քաղաքականությանը՝ ուղղված հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմանը եւ Հայաստանը շրջափակումից դուրս բերելուն: ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը հաստատել է, որ ՀՀ ԳԱԱ-ն իր մասնագիտացված կառույցների հետազոտություններով կշարունակի օժանդակել ՀՀ արտաքին քաղաքականության իրականացմանը:

Ի դեպ, ակադեմիկոսները հավաքն արել են առանց լրագրողների: Վերջիններիս թույլ են տվել ներկա գտնվել միայն ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի բացման խոսքին, որից հետո նրանց դուրս են հրավիրել: