«Ժառանգություն» խմբակցությունը որեւէ ստորագրահավաք չի նախաձեռնել, որ խնդրի կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հետ վերցնել մանդատից հրաժարվելու դիմումը, բայց չի բացառվում, որ Հովհաննիսյանը ետ վերցնի այն: Խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց ստորագրահավաքի լուրը՝ միաժամանակ չբացառելով, որ Հովհաննիսյանը մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ դիմումի ընդունման վերջնաժամկետը գնա եւ ետ վերցնի հրաժարականի դիմումը:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, թե «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները սկսել են ստորագրություններ հավաքել՝ Րաֆֆի Հովհաննիսյանին կրկին Ազգային ժողով վերադարձնելու համար։
Հովհաննիսյանը, ում պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը ԱԺ նախագահը հրապարակել է սեպտեմբերի 15-ին, ըստ ԱԺ կանոնակարգի՝ կարող է վերադառնալ ԱԺ, եթե իր հրաժարականի դիմումը հրապարակելուց հետո 15-օրյա ժամկետում այն հետ վերցնի։ Սույն ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին, եւ, ըստ թերթի, սեպտեմբերի 29-ին Հովհաննիսյանը գնալու եւ ետ է վերցնելու դիմումը՝ կրկին մնալով պատգամավորի կարգավիճակում։
«Դա „Հայկական ժամանակի“ աղբյուրների ապատեղեկատվությունն է: Չենք ցանկանում սադրանքներին պատասխանել»,- NEWS.am-ին ասաց Սաֆարյանը եւ նկատեց, որ դեռ սեպտեմբերի 14-ին կուսակցական ակտիվը խնդրել էր Հովհաննիսյանին հետ վերցնել մանդատից հրաժարվելու դիմումը:
Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ Հովհաննիսյանը փոշմանի եւ ետ վերցնի դիմումը, Սաֆարյանը պատասխանեց. «Մենք ոչ միայն չենք ցանկանում մեկնաբանել քայլի հիմնավորումները, նույնկերպ չենք կարող բացառել նրա ցանկացած որոշում՝ հաշվի առնելով, որ նրա քայլից հետո բազմաթիվ իրողություններ փոխվել են: Թե ինչ որոշում կընդունի ինքը, կհայտնի անձամբ՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք իր ասուլիսում»:
Ի դեպ, ավելի վաղ «Ժառանգության» պատասխանատուները հայտնել էին, թե ԱԺ-ն Հովհաննիսյանի մակարդակի գործչի տեղը չէ, իսկ նա սկզբունքային գործիչ է:




























