Շիրակի մարզում բարձրացել է կաթի մթերման գինը, գյուղացին այլեւս ցածր գնով կաթը վաճառել չի ցանկանում: Կաթի մեկ լիտրն այսօր վաճառվում է նվազագույնը 140 դրամով, սակայն կան գյուղեր, որտեղ 170 դրամով են վաճառում մեկ լիտր կաթը:
Կաթի մթերմամբ զբաղվող այն կազմակերպությունները, որոնք ավելի շատ գումար են առաջարկում, գյուղացին նրանց էլ տալիս է կաթը:
«1 լիտր կաթը քաղաքում վաճառում են 200 դրամով, մածունը՝ 250 դրամով: Գյուղացու չարչարանքը շատ է, եւ նորմալ է, որ գյուղմթերքը համեմատաբար բարձր գին ունենա, 1լ կաթն ավելի էժան էր, քան ջուրը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի Առափի համայնքի բնակիչ Հարություն Կարապետյանը` հավելելով, որ նախկինում գյուղացուց կաթն էժան էին տանում` 90 դրամով: Գյուղաբնակները պնդում են, որ երբեք էլ պանրի կամ մյուս կաթնամթերքի գները համարժեք չեն եղել կաթի գնին: 1 լիտր կաթի համար նախկինում վճարել են առավելագույնը 100 դրամ, սակայն վաճառակետերում այն իրացվել է 250-ով: Հիմա 1 լիտր կաթը խանութներում վաճառվում է 300 դրամով: Խոշոր արտադրողները դարձյալ գերշահույթ են ստանում:
Նշենք, որ մեզ հետ զրույցներում արտադրողները հավաստել են, որ կաթնամթերքի շուկայի արտադրողներին վերջերս հրահանգ է իջեցվել, առայժմ զերծ մնալ թանկացումներից:




























