2008թ. մարտի 4-ից հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ամենայն հավանականությամբ կներկայանա մինչեւ հուլիսի 31-ը:

Սուքիասյանի պաշտպաններ Արա Զաքարյանն ու Արթուր Գրիգորյանն այսօր «Հայելի» ակումբում հայտարարեցին, թե Խաչատուր Սուքիասյանը ներկայանալու խնդիր չունի: «Նրա տարածած հայտարարության բովանդակությունից երեւի թե ակնհայտ է, որ պարոն Սուքիասյանը ներկայանալու խնդիր չունի եւ պատրաստ է անգամ, իմանալով հանդերձ, որ իշխանությունները իրեն կպահեն անազատության մեջ եւ կձգտեն գործը հանձնել դատարանի քննարկմանը, ներկայանալ իրավապահներին: Նա այդ ամենն իր ներկայանալու հարցում խոչընդոտ չի համարում»,- նշեց պաշտպան Արթուր Գրիգորյանը: Հարցին, թե ի վերջո տարագիր գործարարը կներկայանա՞, թե՞ ոչ, պաշտպանը պատասխանեց. «Մենք այդ հարցին որոշակի պատասխան տալու իրավասություն չունենք, որովհետեւ իրադարձությունները կարող են զարգանալ այս կամ այն կերպ եւ յուրաքանչյուր անձ ինքը ազատ է որոշելու իր գործի նկատմամբ իր վերաբերմունքը», բայց միաժամանակ հավելեց. «Ամենեւին չի բացառվում, որ պարոն Սուքիասյանը ներկայանալու է եւ որպես պարոն Սուքիասյանի պաշտպաններ կարող ենք ասել, որ նա, ամենայն հավանականությամբ, կներկայանա»: Որովհետեւ, ըստ պաշտպանների, «սա պարոն Սուքիասյանի հայրենիքն է, որի զարգացման մեջ նա ունեցել է իր որոշակի ավանդը: Եվ այն մեղադրանքը, որը ներկայացվել է իրեն, իր գործընկերներին, այսպես, թե այնպես իր լուծումը պետք է ստանար, հարցը անընդմեջ չէր կարող ձգձգվել: Առավել եւս, պարոն Սուքիասյանը որեւէ հանցագործություն չի կատարել եւ այդ առումով նա կաշկանդված չէ իրեն ներկայացված մեղադրանքի էությունը քննարկման առարկա դարձնելու»: Ի դեպ, պաշտպանները նաեւ հայտարարեցին, որ Ազգային ժողովն ու նախաքննական մարմինն ակնհայտ ապօրինի հետապնդում են իրականացնում իրենց պաշտպանյալի նկատմամբ: Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ապաքրեականացումից եւ Խաչատուր Սուքիասյանին առաջադրված մեղադրանքի փոփոխումից հետո գլխավոր դատախազությունը պարտավոր էր կրկին հիմնավորմամբ ներկայանալ ԱԺ, ինչը, փաստորեն չի արել: «ԱԺ-ն նոր մեղադրանքի հետ կապված իր համաձայնությունը չի տվել, հավասարապես իր համաձայնությունը չի տվել նրա հետագա կալանքի հետ կապված»,- մանրամասնեց Արթուր Գրիգորյանը:

Պաշտպան Արա Զաքարյանն իր հերթին նշեց, որ համաներման վերաբերյալ որոժումը չի կարող երաշխիք լինել Հայաստան վերադառնալու համար, քանի որ «հնարավոր է, որ Խաչատուր Սուքիասյանին դատապարտեն, ասենք, 8 տարվա ազատազրկման եւ նրա վրա համաներումը չտարածվի: Այնուամենայնիվ, մեծ է հավանականությունը, որ Խաչատուր Սուքիասյանը կվերադառնա»: Պաշտպանները նաեւ խոստացան, որ Խ.Սուքիասյանի ներկայանալու դեպքում հասարակությունն ու լրատվամիջոցները կտեղեկացվեն հենց նույն պահին: