Ոստիկանության Սիսիանի բաժնում մարտի 13-ի երեկոյան ահազանգ էր ստացվել, որ Սիսիան քաղաքի Գայի փողոցում գտնվող խանութում կրակոցի ձայներ են լսվում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողության համար նախկինում դատապարտված, 38-ամյա Աշոտ Մ.-ն՝ դիմակավոր եւ զինված «ԱԿՄ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով, ժամը 21.30-ի սահմաններում մուտք է գործել նշված խանութ եւ փորձել հափշտակել այնտեղ վաճառվող ոսկյա զարդերը, սակայն հանդիպելով տնօրենի եւ աշխատակցի դիմադրությանը` ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Աշոտ Մ.-ն վնասազերծվել եւ բերման է ենթարկվել:
Ինքնաձիգն առգրավված է: Աշոտ Մ.-ն ձերբակալված է:
Հարուցվել է քրեական գործ` ավազակային հարձակման հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:





























