«Ես էլ Սերժ Սարգսյանի տեղը լինեի, կամաչեի նման ոստիկանություն ունենալուց»,- մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպմա ժամանակ ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով երեկ՝ մարտի 14-ին Ոստիկանության կոլեգիայի նիստում համակարգի վերաբերյալ երկրի նախագահի խիստ ելույթին։

«Նման ոստիկանություն ունենալու համար բոլորը պետք է ամաչեն։ Ես ենթատեքստից հասկացա, որ խոսքը գնում է Թամամյանի մասին, ով գործ է սարքել ինչ-որ մեկի վրա, այսինքն՝ իմանալով՝ ով է մարդասպանություն կատարողը, գործը տարել է լրիվ այլ մարդու ուղղությամբ։ Նման արարքի համար Քրեական օրենսգրքում շատ կոնկրետ հոդվածներ կան, եւ այդ մարդը նման գործողությունների համար վաղուց պետք է նստած լիներ բանտում։ Ի՞նչ է նշանակում  նրան պահել կադրային ռեզերվում։ Այսինքն սրանով ընդունում ենք, որ այնտեղ հանցագործնե՞ր են պահվում, դա Հայաստանում պատժի նոր ձե՞ւ է»,- հարց հնչեցրեց ՀԱԿ համակարգողը։

Ամփոփելով՝ Զուրաբյանը նկատեց, որ բարեփոխումների մասին իրենց բազմաթիվ խոստումներ են տրվել։ «Բարեփոխումների մասին  կարելի է բազմաթիվ խոսքեր ասել, բայց արդեն 3 տարի է՝ մեզ կերակրում են խոսքերով։ Մենք հաշվի ենք առնելու միայն գործը։ Միաժամանակ կան փաստեր, որոնք ցույց են տալիս, որ իշխանությունները տղայական ռեակցիայից անցել են մի փոքր ավելի լուրջ քննարկումների։ Պատճառն այն է, որ իշխանությունը լրջորեն գիտակցում է, թե որքան պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել երկրում»,- ասաց նա։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը երեկ Ոստիկանության կոլեգիայի նիստում քննադատության էր ենթակել իրավապահ համակարգը՝ կոնկրետ օրինակներ մատնանշելով, այդ թվում Հովհաննես Թամանյանի կողմից «պարտակված» սպանության եւ գործն այլ մարդու ուղղությամբ տանելու մասով, թեեւ Թամամյանի անունը ՀՀ նախագահը չէր տվել: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ամաչում է համակարգի նման աշխատողների փոխարեն: