Հայաստանը որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ, տոնելու է ֆրանկոֆոնիայի օրերը եւ դրանով իսկ վկայակոչելու իր պատկանելությունը ֆրանկոֆոն մեծ ընտանիքին` իր 75 անդամներով եւ դիտորդներով:

Այդ կապակցությամբ մարտի 15-ից ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում եւ Հայաստանի մարզերում կկազմակերպվեն 100-ից ավելի մշակութային, գեղարվեստական, կրթական եւ համալսարանական միջոցառումներ, որոնց մասնակցություն կունենան արվեստի գործիչներ Հայաստանից եւ ֆրանկոֆոն մի շարք երկրներից:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարության բարձր հովանու ներքո «Երեւան պրոդաքշն» ընկերության կողմից կազմակերպված Ֆրանկոֆոնիայի գալա համերգը` հանրահայտ երգչուհի Լարա Ֆաբիանի մասնակցությամբ, տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 19:00-ին Մարզահամերգային համալիրում:

Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկն արձանագրող մամուլի ասուլիսը, որին ներկա կլինի նաեւ երգչուհի Լարա Ֆաբիանը, տեղի կունենա 2011թ-ի մարտի 17-ին, ժամը 16:00-ին՝ ԱԳՆ-ում (լեզուն` հայերեն-ֆրանսերեն):