Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա չի կարելի պայմանավորել պատմական ենթատեքստով, հնարավոր է, թուրքական կողմը պատմական ինչ-որ շեշտադրումներ մտածել է, սակայն նույնը չի կարելի ասել ռուսական կողմի մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանյան Ռազավարական մշակույթի հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը:
«Ռուսաստանը չէր ցանկանում վիրավորել հայ ժողովրդի զգացմունքները»,-հավաստիացրեց նա՝ մեկնաբանելով հայ որոշ քաղաքական ուժերի այն միտքը, թե Էրդողանի այցը Ռուսաստան դիտմամբ պլանավորվել է Մոսկվայի խայտառակ պայմանագրի 90-ամյակին։
«Թուրքիայի վարչապետի այցի ժամանակ հիմնական շեշտը դրվելու է տնտեսական հարցերի վրա։ Բացի այդ, Թուրքիան Ռուսաստանի համար այնպիսի շահավետ առաջարկներ է պատրաստել, որոնցից նա չի կարող հրաժարվել»,- նկատեց փորձագետը։
Նա նաեւ նշեց, որ այցի շրջանակներում կքննարկվեն աշխարհաքաղաքական հարցեր, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր երեկոյան կմկնի Մոսկվա։ Նա կհանդիպի Ռուսաստանի ղեկավար մարմինների հետ։ Հայաստանում կարծում են, որ Էրդողանի այցը հատուկ է կազմակերպվել Մոսկվայի պայմանագրի ստորագրման ամսաթվի հետ։
1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-78 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը եւ Բաթումի մարզի հարավային մասը, իսկ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշեւիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը: 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով հաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից:




























