«Այն առաջարկներն ու ուղղումները, որոնք ՀՅԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ փորձում է հրամցնել իշխանություններին, ցավոք սրտի, ոչինչ չեն նշանակում, որովհետեւ ԱԳ նախարարը հայտարարել է, որ այդ արձանագրությունները փոփոխությունների ենթակա չեն»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

Նա նկատեց, որ եթե անգամ այդ ուղղումները մտցվեն, եւ այդ արձանագրությունները ստորագրվեն, բայց միաժամանակ չեղյալ չհայտարարվի Կարսի պայմանագիրը, «միեւնույնն է՝ դրանք դառնալու են Կարսի պայմանագրի բաղկացուցիչ մասը»:

«Ես հուսով եմ, որ ՀՅԴ-ն դա կգիտակցի եւ կփոխի իր շեշտադրումները: Որովհետեւ այսօր շատ ավելի արդիական է չեղյալ համարել Կարսի պայմանագիրը եւ զրոյից սկսել երկկողմ հարաբերությունները, քան անգամ այսպիսի խմբագրական ուղղումներով այդ արձանագրությունները ստորագրել: Ստորագրման պարագայում մենք կունենաք անդառնալի կորուստներ»,- ընդգծեց Ա. Մելիքյանը: