ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ամերիկա-թուրքական բարեկամության խմբի համանախագահները ներկայացուցիչների պալատի անդամներին նամակ են ուղարկել, որում իրենց աջակցությունն են հայտնում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում նախաստորագրված արձանագրություններին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ամերիկա-թուրքական բարեկամության խմբի համանախագահներ՝ Ռոբերտ Վեքսլերը, Էդվարդ Ուայթֆիլդը եւ Քեյ Գրանգերը օգոստոսի 31-ի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններին աջակցելու նպատակով նամակ են հղել իրենց գործընկերներին։ Նրանք նամակում հույս են հայտնել, թե ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հայ եւ թուրք ղեկավարները հանդիպում կունենան, եւ այս համաժողովը երկու երկրների հարաբերությունների մերձեցմանը ավելի կնպաստի, եւ կնախապատրաստի Հայաստանի նախագահի հոկտեմբերի 14-ին կայանալիք այցը Թուրքիա։ Նամակում շեշտվում է, որ Թուրքիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կողմից կազմված արձանագրությունների հաստատումից անմիջապես հետո կբացվեն սահմանները եւ կստեղծվեն լիարժեք դիվանագիտական հարաբերություններ։
Ի դեպ, թուրքական Hurriet պարբերականը, իր հերթին, նշում է, թե միեւնույն ժամանակ հայամետ կոնգրեսականները աշխատում են ընդունել տալ Օսմանյան կայսրությունում դարասկզբին կատարվածը որպես ցեղասպանություն ներկայացնելու բանաձեւը:




























