ՀՀ իշխանությունների կողմից դատական համակարգի բարեփոխման «հեղափոխական» եւ «վիրահատական» միջամտությունը կրում է հատվածական, տարերային եւ խիստ սուբյեկտիվ թիրախավորված բնույթ: Այս մասին հայտարարություն է տարածել «Մեկ Հայաստան» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մեկ Հայաստան» կուսակցությունը, հետեւելով վերջին օրերին ՀՀ դատական համակարգի շուրջ ծավալվող իրադարձություններին, արձանագրում է.

ՀՀ գործադիր իշխանության կողմից տեղի է ունեցել առերեւույթ միջամտություն ՀՀ դատական իշխանության գործունեությանը, որի հետեւանքով խախտվել է ժողովրդավարության եւ ՀՀ Սահմանադրության հենասյուն հանդիսացող իշխանությունների տարանջատման սկզբունքը, խաթարվել է դատական իշխանության անկախությունն ու բնականոն գործունեությունը.

Գործադիր իշխանության կողմից հայտարարվել է Հայաստանում անցումային արդարադատության գործիքակազմի ներդրման եւ գործող դատավորների նկատմամբ, այսպես կոչված «վեթինգի» կիրառման որոշման մասին.

ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել են Հայաստանում անցումային արդարդատության ներդրման վերաբերյալ լսումներ, որի արդյունքներով պարզ դարձավ, որ Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների մոտ առկա է ոչ ամբողջական եւ համալիր պատկերացում առաջարկվող գործիքակազմի ամբողջության, դրա կիրառման մեխանիզմների եւ հնարավոր հետեւանքների վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը, «Մեկ Հայաստան» կուսակցությունը համոզմունք  է հայտնում, որ.

ՀՀ իշխանությունների կողմից դատական համակարգի բարեփոխման «հեղափոխական» եւ «վիրահատական» միջամտությունը կրում է հատվածական, տարերային եւ խիստ սուբյեկտիվ թիրախավորված բնույթ, ինչը, մեր խորին համոզմամբ, չի բխում անկախ, արդյունավետ գործող եւ հանրային լայն վստահություն վայելող դատական համակարգ ունենալու ՀՀ ազգային եւ պետական շահից.

Հայաստանում անցումային արդարադատության կիրառման հիմքերի եւ նախադրյալների բացակայության իրավիճակում իշխանությունների կողմից «անցումային արդարադատության» գործիքակազմի ներդրման եւ գործարկման մասին որոշումը որակում ենք արհեստական եւ խիստ քաղաքականացված: Այդ որոշման մեջ առկա են լրջագույն ռիսկեր ՀՀ դատական համակարգի` որպես սահմանադրական ինստիտուտի, հիմքերի խարխլման, բնականոն գործունեության խաթարման եւ, այն գործադիր իշխանության կողմից առավելագույնս կառավարելի դարձնելու եւ, վերջին հաշվով, ՀՀ իրավական անվտանգության սպառնալիքներ:

ՀՀ գործադիր իշխանության կողմից դատավորներին «վեթինգի» ենթարկելու որոշումը չի համապաստախանում ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ դատական օրենսգրքով ՀՀ դատական իշխանության եւ դատավորի համար սահմանված չափանիշներին, իր մեջ կրում է իշխանության համար անցանկալի դատավորներից ազատվելու գործիքի վերածվելու մեծ ռիսկայինություն: Մեր դիտարկմամբ, «վեթինգը» իր ամբողջ տրամաբանությամբ եւ առաքելությամբ, պետք է կիրառվի ՀՀ պետական կառավարման ամբողջ համակարգի, մասնավորապես ՀՀ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

Գիտակցելով եւ ընդունելով ՀՀ դատական համակարգի շարունակական եւ հետեւողական բարեփոխումների անհրաժեշտությունն ու կարեւորությունը, առաջնորդվելով քաղաքական ցենտրիզմի առաջադիմական սկզբունքներով, ինչպես նաեւ պետական քաղաքականության կանխատեսելության, որոշակիության եւ կայունության ծրագրային դրույթներով, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է.

Սկսել «ՀՀ իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգի» մշակման գործընթաց` այն դիտարկելով որպես ՀՀ ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ:

«Մեկ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնում է քննարկումների եւ խորհրդակցությունների շարք ՀՀ քաղաքական ուժերի, իրավաբանական հանրույթի պրոֆեսիոնալ եւ ակադեմիական ներկայացուցիչների հետ` աշխատանքային խմբի ձեւավորման եւ առաջադրված խնդրի համալիր լուծման նպատակով:

Համոզված ենք, որ պետական քաղաքականությունը, դրանում առկա լուծումներն ու մեխանիզմները իրենց մեջ պետք է արտացոլեն քաղաքական համակարգի գործունեության խելամիտ հավասարակշռություն եւ կանխատեսելի բարձր արդյունավետություն: Ուստի, Հայաստանի անվտանգության բոլոր հայեցակարգերը պետք է հիմնված լինեն բացառապես ՀՀ ազգային եւ պետական շահի վրա, բավարարեն հանրության կողմից ձեւակերպված ակնկալիքներն ու պահանջները` ծառայելով ի նպաստ եւ հանուն Հայաստանի Հանրապետության»: