Ես համաձայն չեմ, որ Երեւանի պետական համալսարանը 15 առաջընթաց չի գրանցել, գուցե այնքան առաջ չի գնացել, որքան պետք էր, հաստատ ինչ–որ բաներում թերացել ենք, բայց հիմա պետք է քննարկենք ինչ պետք է անել։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ նորընտիր ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։
Այն հայտարարություններին, թե ուսանողների առաջ դռները փակողները ԵՊՀ–ում տեղ չունեն, ռեկտորի պաշտոնակատարն ասաց. «Այդ միջադեպն ունեցել է մասնակիցներ, մեկը ես եմ եղել, մյուսը՝ այսօրվա վարչապետը, Աժ նախագահը, ԿԳ նախարարը եւ կարծես որեւէ մեկը թե այն ժամանակ, թե հիմա չունեն նեղացվածություն, բայց մարդիկ, որոնք ոչ միայն չեն մասնակցել եւ խուսափել են մասնակցել, այսօր հակահեղափոխական եւ հեղափոխականներ են հայտարարում, ես ասում եմ՝ ոչ հեղափոխական եմ, ոչ հակահեղափոխական, իմ աշխատանքը միշտ եղել է գիտության եւ կրթության մեջ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվել եւ չեմ ցանկանում զբաղվել»,–նշեց նա։
Գեղամ Գեւորգյանը շեշտեց՝ ըմբռնումով է մոտեցել ուսանողների եւ Նիկոլ Փաշինյանի գործողություններին ԵՊՀ–ում հեղափոխության օրերին. «Իմ գործողությունները կարգապահական քայլեր էին, ամեն մեկը իր քայլերն է արել, ես ըմբռնումով եմ ընդունել»։
ԵՊՀ նախկին պրոռեկտորը անհիմն է համարում իրեն աշխատանքից ազատելը անվստահության հիմքով. «Ինձ աշխատանքից հեռացրել են այն բանի համար, որ ես համագործակցում եմ իշխանությունների հետ, հանդիպում եմ ունեցել Արայիկ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանի հետ, բայց նման բան չկա։ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել եմ ինձ աշխատանքից հեռացնելուց 10 օր հետո՝ մարտի 22-ին։ Ես Արայիկ Հարությունյանին առաջին անգամ տեսել եմ այստեղ, երբ հանդիպել ենք եւ որը շահարկվել է, այնուհետ օգոստոսին ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստին, մի անգամ էլ աշնանը՝ պաշտոնական ընդունելությանը»։
Իսկ հարցին, թե ինչ նպատակով է հանդիպել ԿԳ նախարարի հետ, նա կարճ պատասխանեց. «Բարի նպատակով»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավոր է հետ վերցնի Արամ Սիմոնյանի դեմ ներկայացրած հայցը, Գեղամ Գեւորգյանն ասաց. «2.5 ամիս է անցել, սակայն դեռ գործը վարույթ չի ընդունվել եւ դատավոր չի նշանակցել, երբ քայլ կարվի, կխորհրդակցեմ իմ փաստաբանների հետ եւ կորոշենք»։
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չհերքեց՝ բաժնեմասեր ունի Evocabak-ում եւ պնդեց, որ դա օրենքի խախտում չէ.
Այո, ունեմ, սակայն բաժնետոմսերը բիզնես կառավարում չի ենթադրում»։
Հարցին՝ ինչպես է պատկերացնում աշխատանքը Բարեփոխումների հանձնաժողովի հետ, Գեղամ Գեւորգյանը պատասխանեց. «Բարեփոխումների հանձնաժողովի ծնունդը ես եւ մի քանի պրոռեկտորներ համարել ենք արհեստածին այն պատճառով, որ բարեփոխումներով չեն կարող զբաղվել մարդիկ, որոնք չունեն կառավարման լծակներ, այդ հանձնաժողովում չկային որեւէ դեկան, որեւէ պրոռեկտոր, ես դեռ պետք է հանդիպեմ հանձնաժողովի հետ, հասկանամ ինչով են զբաղվել, գուցե շարունակեն, գուցե լուծարվի։»
Հարցին ինչպես է ձեւավորվելու ուսանողների հետ հարաբերությունները, հաշվի առնելով որ հոգաբարձուների խորհրդում ներկայացված ուսանողները կողմ քվեարկեցին Վահե Հովհաննիսյանին, նորընտիր ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ «այդ 8 ուսանողների հետ ներողամտորեն է վերաբերում, քանի որ նրանց հետ ազնիվ աշխատանք չի տարվել, փորձել են ազդել նրանց կարծիքի վրա»։
Պռոռեկտորը պնդեց՝ իր վրա ոչ ՀՀԿ–ականների ոչ մեկ այլ կուսակցության կողմից ճնշում չի եղել. «Կոմունիստների ժամանակներից առ այսօր իմ վրա ոչ ոք ճնշում չի գործադրել»։
Հիշեցնենք, որ այսօր կայացած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում Գեղամ Գեւորգյանը ընտրվեց ՌՊՀ ռեկտորի պաշտոնակատար։





























