Փոխվարչապետը պարտավոր է հարգալից լինել բոլոր քաղաքացիների նկատմամբ, կարծում եմ՝ ծնունդով Ապարանից մարդիկ իրավունք ունեն տոնել իրենց քաղաքի հետ կապված օրը: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ շատերի համար անընդունելի էր, որ մայիսի 28-ին Ապարանում Առաջին Հանրապետության տոնակատարությունների ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողքը կանգնած էր նաեւ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը:

«Խոսքը էպոխալ իրադարձության մասին է՝ Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա: Այդ հաղթանակները բոլորիս են: Գիտեք, կարելի է մտածել, բա ինչի՞ Աղվան Հովսեփյանի հետ: Բայց դրանք մանր դետալներ են»,-ասաց Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք «Իմ քայլը» խմբակցությունում այդ հարցը չի քննարկվել, նա պատասխանեց. «Ես այդպիսի քննարկման չեմ մասնակցել: Ես տոների կազմակերպման հետ որեւէ առնչություն չունեմ»: