ՀՅԴ երիտասարդական թեւը, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն ու Հայաստանի այլ երիտասարդական կազմակերպություններ բողոքի երթ են անցկացրել դեպի Երեւանում Ռուսաստանի դեսպանատուն` ի նշան բողոքի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան կատարած այցի, որն իր ժամկետներով համընկնում է Մոսկվայի տխրահռչակ պայմանագրին:

Երիտասարդ ակտիվիստները, մասնավորապես կարծում են, որ հաստատելով Էրդողանի այցի հենց այդ ժամկետը, Ռուսաստանի իշխանությունները դավաճանել են իրենց ռազմավարական գործընկեր Հայաստանի ազգային զգացմունքները: Ցուցարարները «Էրդողան=Աթաթուրք, Մեդվեդեւը` Լենի՞ն» եւ այլ գրառումներով պաստառներ էին տանում:

Նրանք նաեւ հատուկ հայտարարություն էին պատրաստել, որը պետք է հանձնեին Ռուսաստանի դեսպանատանը, սակայն դեսպանատան աշխատակիցները դուրս չեկան` լսելու ցուցարարներին: Դեսպանատան պահակային ծառայությունից հայտնեցին, թե ներսում իբր ոչ ոք չկա:

Սակայն դա չի հիասթափեցրել երիտասարդներին, որոնք որոշել են մնալ դեսպանատան մոտ այնքան ժամանակ, քանի դեռ չեն ժամանել աշխատակիցները եւ չեն վերցրել հայտարարությունը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, նրանք դեսպանատան առջեւ «Ամոթ» են վանկարկում:

Հիշեցնենք, որ 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-78 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը եւ Բաթումի մարզի հարավային մասը, իսկ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշեւիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը: 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով հաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: