Խորհրդարանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրում ըստ քաղաքական նպատակահարմարության՝ քաղաքական նպատակների համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Դրա վառ օրինակն է թեկնածուներին տրվող քաղաքական հարցերը, օրինակ․
- դատարանների շրջափակումը սահմանադրության խախտում է, թե ոչ, կամ
- Մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում եղել է, թե ոչ (այն ժամանակ, որ այդ հարցով դատական պրոցես է գնում եւ ՍԴ դատավորի թեկնածուն իրավունք չունի այդ հարցում կարծիք հայտնել) եւ այլ։
Նման հարցերի շարանը կարելի է երկար թվարկել։ Թե նախկին, թե ներկա խորհրդարաններն իրարից առանձնապես չեն տարբերվում։ Տարբերությունը մեկն է, առաջ այդ հարցերը կուլիսներում էին տալիս, իսկ խորհրդարանում անմեղ դեմքեր էին սարքում, հիմա դա բոլորի առջեւ է կատարվում։
Չգիտեմ, թե որն է ավելի վատ՝ օրինականության կեղծ պահպանումը, թե այդ անօրինականության ցուցադրությունը։
Մի խոսքով, ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է եւ երեսպաշտություն է այն պնդումը, որ նոր իշխանությունը պահպանելու է դատարանների անկախությունը։





























