ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը պարզաբանում է ներկայացրել կապված մամուլի այն տեղեկությունների հետ, ըստ որի, Ջերմուկ եւ Նոյեմբերյան համայնքների ավագանիները դուրս են եկել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության դեմ:

Բանն այն է, որ նախորդ տարվա ընթացքում երկու համայնքների ավագանիների կողմից մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին որոշումներն են կայացվել, որոնք նախարարությունը պահանջում է անվավեր ճանաչել, քանի որ կարծում են՝ ավագանին նման որոշումներ կայացնելու իրավասություն չուներ:

Այս առնչությամբ,

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության պարզաբանման մեջ ասվում է.

«Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինն իրավասու է համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, արձագանքելով վերջին շրջանում լրատվության տարբեր միջոցների եւ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից համայնքների տարածքներում երկրաբանահետախուզական եւ մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ իրականացնելն արգելելու մասին ավագանու՝ օրենքի խախտումով ընդունված որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀՀ ՏԿԶ նախարարության առաջարկության շուրջ ծավալված քննարկումներին եւ հնչեցված մեկնաբանություններին, պարզաբանում է.

ՀՀ Սահմանադրության 10-րդ եւ «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի» 4-րդ եւ 11-րդ հոդվածների համալիր մեկնաբանությամբ Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով: Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դրույթների համաձայն՝ ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող եւ օրենքով պետական մարմիններին, կազմակերպություններին եւ պաշտոնատար անձանց իրավասությանը չվերապահված ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին ընդունում է որոշումներ եւ ուղերձներ, որոնց վերաբերյալ կազմում է արձանագրություններ:

Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ` ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին։

Նշենք, որ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ավագանու, լիազորությունները սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով։

Հավելենք նաեւ, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը իրավասու է համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի` ՀՀ Սահմանադրությանը եւ օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն եւ համայնքի ղեկավարին: Իսկ ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 20-ի N 534–Ն որոշման համաձայն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավական հսկողության բարձրագույն մարմին սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը:

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինն իրավասու է համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն եւ համայնքի ղեկավարին:

Եթե նախատեսված դիմումը ստանալուց հետո տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը եւ այդ մասին տեղեկացնում դիմումը ներկայացրած մարմնին, ապա դիմումը ներկայացրած հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով»: