Արդեն երկու շաբաթ Մեծ Դորոգոմիլովյան փողոցի 8 հասցեում՝ «Խաչմերուկ» խանութի մոտ, ծառի տակ ապրում է Միա Յոհանսոնը։ Որ Կիեւի կայարանի մոտ անօթեւան է հայտնվել օտար պետության անձնագրով՝ այդ մասին «360»-ին հաղորդել են ականատեսները։

Խանութներից մեկի աշխատակցի խոսքով՝ սկզբում նրանք գործընկերների հետ միասին մտածել են, որ Միան ամերիկուհի է։ Հետո կինը անգլիալեզու օտարերկրացիներին պատմել է, որ եկել է Կանադայից եւ ավտոբուս է սպասում, որպեսզի գնա ԱՄՆ դեսպանատուն։

Խանութի աշխատակիցների օգնությունից կինը հրաժարվել է, բայց խոստովանել է, որ երախտապարտ կլինի ցանկացած ֆինանսական օգնության համար։ Հետո խանութի վաճառողներին Միան պատմել է, որ գրող է, գրել է գիրք, որի ձեռագիրն իր հետ է։ Կինն ասել է, որ մինչ այդ ճանապարհորդել է Ռումինիայում։

«360»-ի նկարահանող խմբին անօթեւանը պատմել է, որ Շվեդիայի քաղաքացի է եւ Ռուսաստանում հայտնվել է այս տարվա փետրվարին։ Քանի փող ուներ, հոսթելում տեղ էր վարձել, բայց վերջին ամսում ապրում է բաց երկնքի տակ։ 58-ամյա կինը տեղեկացրել է, որ ուտելիք բերում են սրտացավ մոսկվացիները։ Սովորաբար Միան հաց, շաքար եւ կաթ է խնդրում։

Կինը «360»-ին պատմել է, որ իրեն թալանել են Ֆրանսիայում, գողացել փողերը, հեռախոսը եւ բանկային քարտը։ Բայց անձնագիրը մնացել է, եւ Միան որոշել է առաջ շարժվել։

Նրա խոսքով՝ նա հատել է ամբողջ Եվրոպան, հետո Ուկրաինան ու հայտնվել Ռուսաստանում։ Չնայած Շվեդիայի քաղաքացիությանը՝ կինն ասում է, որ պետք է թռչի Կանադա։ Վանկուվերում ապրում է նրա աղջիկը, եւ Միան տոմսի փող է հավաքում։ Հեռուստաալիքը դիմել է Միգրանտների ֆեդերացիա, եւ Միայի համար հոսթելում տեղ է վարձվել։ Բայց կինը հրաժարվել է այնտեղ ապրել՝ ասելով, որ հոսթելից վատ հոտ է գալիս։

«360»-ի խմբագրությունը ստուգել է Միա Յոհանսոնի խոսքերն այն մասին, թե նա գրող է։ Ցանցում հայտնաբերվեց նրա «Անավարտ բանավեճ Աստծո մասին» ֆանտաստիկ վեպի մասին հիշատակումը։ Գիրքը հրապարակվել է 2012-ին եւ կա Amazon-ի վաճառքում։

Էջում տեղադրված էր կնոջ լուսանկար, որը նման էր Միա Յոհանսոնին։ Նաեւ աքաունթ կա Թվիթերում։ Լուսանկարը կասկածներ չի թողնում, որ նա իսկապես Միա Յոհանսոնն է։