Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա անդրադարձավ նրան, որ դատախազը բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորություն կիրառելու որոշումը վերաքննիչ դատարան եւ նաեւ բողոքարկել է գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
«Այդ երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթարկա չէին: Դատախազը ներկայացրել է բողոքներ, որոնցով դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից:
Վերաքննիչ դատարանն իր հերթին իրավունք չունի այդ բողոքները վարույթ ընդունել, պարտավոր է դրանք թողնել առանց քննության: Բայց բոլորիս համար հասկանալի է, որ այն ճնշումները, որ մենք տեսանք առաջին ատյանի դատարանում դատական ակտերը կայացնելուց հետո, մեզ բոլորիս հասկանալի է, որ վերաքննիչ դատարանի դատավորը շատ լավ պատկերացնում է, թե ինչ տեղի կունենա իր հետ, ինչ ճնշումների կենթփարկվի, եթե կիրառի օրենքը: Իսկ օրենքը ասում է, որ այդ բողոքները պետք է թողնել առանց քննության»,-ասաց փաստաբանը:
Նա համոզմունք հայտնեց, որ եթե վերաքննիչ դատարանի դատավորը առանց քննության թողնի այդ բողոքները, նա կդառնա թիրախ, ինչպես դարձավ դատավոր Դավիթ Գրիգորյանը. «Միգուցե ավելի բիրտ ճնշումների կենթարկվի»:





























