Սեպտեմբերի 25-ին «Միացում» հասարակական շարժման ներկայացուցիչները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, հայ-թուրքական արձանագրությունները բողոքարկող նամակներ հանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանություններ (ֆոտոռեպորտաժ)։
Մի քանի տասնյակ մարդիկ «Ոչ՝ Մադրիդյան սկզբունքներին» ցուցապաստառներով հավաքվել էին դեսպանատների առջեւ:
Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով, նամակներում իրենք մեղադրանք են ներկայացնում համանախագահող երկրներին, որոնք ղարաբաղյան հակամարտությունում եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացում «հովանավորչական» առաքելություն են ստանձնել։ Մերժելով այս երեւույթը՝ նա կոչ արեց չխառնվել ուրիշների գործերին։
Ամենավտանգավորը համարելով արձանագրությունների վավերացումը Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններում՝ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ պետք է անել ամեն բան՝ դեպքերի նման զարգացումը կանխելու համար։ Նշելով, որ «այս խմորը դեռ շատ ջուր կվերցնե»՝ «Միացում» հասարակական շարժման համակարգողը համոզմունք հայտնեց, որ պետք չէ հուսահատվել, ավելին, պետք է շարունակել պայքարել քարոզչական դաշտում, ինչն, ի վերջո կհանգեցնի ցանկալի արդյունքի՝ ժողովրդի ոտքի կանգնելուն։ Իրավիճակը գնահատելով որպես իշխանության գործողությունների հետեւանքով ստեղծված «հակահայ ընթացք»՝ Ժիրայր Սեֆիլյանը կոչ արեց նույն իշխանություններին վճռական քայլերից առաջ հաշվի նստել ժողովրդի հետ, որովհետեւ «ժողովրդի զգալի մասը դեմ է այս ընթացքին»։
Հարցին, թե ինչո՞վ կբացատրի այն փաստը, որ իշխանություններն ավելի հանդուրժող են ՀՅԴ-ի եւ նրա կազմակերպած ակցիաների հանդեպ, իսկ իրենց ամեն կերպ ջանում են ճնշել, Ժիրայր Սեֆիլյանը գերադասեց չպատասխանել՝ խորհուրդ տալով հենց իշխանություններից իմանալ այդ մասին։
Նշենք, որ ակցիայի մասնակիցների թվում էր նաեւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ստանձնել էր նամակները դեսպանություններ հանձնելու պարտականությունը։
Ի դեպ, «Միացման» բողոքի ակցիան այս անգամ էլ անցավ ոստիկանների զգոն հայացքների ներքո։ Վերջիններս, սակայն, ի տարբերություն նախօրեին կատարվածի, բռնություններ չկիրառեցին ցուցարարների նկատմամբ:




























