«Ժառանգություն» կուսակցությունը սեպտեմբերի 24-ին գրավոր պատասխաններ է ստացել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդից, ՀՀ Սահմանադրական դատարանից եւ ՀՀ Կառավարությունից։ Հիշեցնենք, որ կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը գրավոր դիմել էին վերոնշյալ պետական կառավարման մարմիններին՝ առաջարկելով քննարկումներ անցկացնել հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ։
Միակը, որ ձեւականորեն չի մերժել կուսակցությանը, Ազգային անվտանգության խորհուրդն է, որի քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր նամակում նշել է, թե «Ազգային անվտանգության խորհրդում հարցը քննարկելու Ձեր առաջարկն արդեն իսկ քննարկվել է Խորհրդի` հուլիսի 21-ի նիստում։ Առաջիկայում եւս Ազգային անվտանգության խորհուրդը կանդրադառնա հարցի քննարկմանը»:
Հայաստանի կառավարությունից «Ժառանգությանը» հայտնել են, թե «վաղաժամ են համարում նման հարցադրում առաջադրելը»:
«Ժառանգությանը» մերժել են նաեւ Սահմանադրական դատարանից: Սեպտեմբերի 23-ին պատգամավորները դիմել էին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին` խնդրելով ՍԴ բոլոր անդամների մասնակցությամբ կազմակերպել նախաստորագրված արձանագրությունների համապատասխանությունը քննելուն նվիրված հարցի քննարկում: ՍԴ աշխատակազմի ղեկավար Ա.Հակոբյանը ասել է, որ «Ժառանգության» պատգամավորները ՍԴ դիմող սուբյեկտների ցանկում նշված չեն եւ հավելել. ""Սահմանադրական դատարանի մասին" ՀՀ օրենքի համաձայն (մասնավորապես օրենքի 14 հոդված) Սահմանադրական դատարանն ու նրա անդամները չեն կարող քննարկման առարկա դարձնել եւ կարծիք արտահայտել Սահմանադրական դատարանում քննարկվելիք գործի վերաբերյալ":




























