ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր 10 փոխնախարարներ է նշանակել, որոնցից երկուսը նոր են:

Խոսքը, մասնավորապես, Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանի եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանի մասին է:

Ստորեւ ներկայացնում ենք նրանց կենսագրությունները:

Արայիկ Խզմալյանի կենսագրությունը

Ծնվել է 1980թ. հունվարի 21-ին, Վանաձորում։

1997-2001թթ սովորել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

2001-04թթ եղել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտ եւ ստացել արվեստագիտության թեկնածուի կոչում:

2002-2009թթ եղել է Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող,

2003-2004թթ` Երեւանի պետական համալսարանի արվեստաբանության ամբիոնի դասախոս («Թատրոնի ընհանուր պատմություն» առարկա):

2004թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում` որպես  գիտաշխատող‚ 2007թ. հիմնել է առաջին թատերական թերթը` «Սկենեն»: Նույն թվականին Ռուբեն Բաբայանի եւ նրա նախաձեռնությամբ հիմնվել է «Թատրոն-X»  հանրապետական փառատոնը‚ որով էլ վերականգնվել են ներկայացումների հրապարակային քննարկումները:

2009թ-ից նախագահում է «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ն: Այս տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ներպետական եւ միջազգային նախագծեր` «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի 1-ին միջազգային փառատոն‚ «Երիտասարդ բեմադրիչների աջակցման ծրագիր»‚ հանրապետական դրամատուրգիական ընթերցումներ‚ սեմինարներ‚ գրքերի հրատարակում եւ այլն:

2012թ. դարձել է թատերական առաջին առցանց-մրցանակաբաշխության դափնեկիր` «Լավագույն օնլայն-թատերագետ» անվանակարգում: ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի խորհրդի անդամ է:

Զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում եւ համաժողովներում‚ գիտական եւ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է‚ խմբագրել է թատրոնին առնչվող գրքեր: 2013թ. ընտրվել ՀՀ պետական մրցանակների հանձնախմբի անդամ (թատրոնի ոլորտ): 2013թ. «Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ի եւ ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի կայացման եւ զարգացման գործում ունեցած ներդրման համար ստացել է պատվոգիր:

2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2014թ. ղեկավարել է ԵԹԿՊԻ-ի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը եւ նշանակվել է Երեւանի Մատենադարանի տնօրենի խորհրդական:

2016-ից ՀՀ ԲՈՀ-ի 016 Արվեստագիտության մասնագիտական խորհրդի անդամ է:

2017 թվականի հուլիսին նշանակվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն

Իրինա Ղափլանյանի կենսագրությունը

Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 27-ին Երեւանում: Անկուսակցական է:

Կրթություն

• 1998-1999 թվականներին ուսանել է Միացյալ Նահանգներում FSA FLEX ծրագրով` ավագ դպրոցի ավարտական դասարանում:

• 1999-2001 թվականներին սովորել է Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, սակայն երկու տարի իրավագիտություն ուսանելուց հետո որոշել է փոխել ոլորտը, ընդունվելով Մալթայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:

2001-2004 թվականներին ավարտել է Մալթաի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը եւ ստացել բակալավրի կոչում (թեզի պաշտպանություն` Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության երկակիությունը):

• 2005-2006 թվականներին սովորել է Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայում, Ուեսթմինսթրի համալսարանում, ստանալով դիվանագիտության մագիստրոսի կոչում (թեզի պաշտպանության թեման` Կանայք դիվանագիտության մեջ):

• 2009-2014 թվականներին սովորել է Քեմբրիջ համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, ստանալով գիտության թեկնածուի (PhD) գիտական աստիճան (թեզի պաշտպանության թեման` Հետխորհրդային Հայաստան` նոր քաղաքական վերնախավ եւ նոր քաղաքական տրամախոսություն)[1]:

Աշխատանքային գործունեություն

• 1999-2001 թվականներին աշխատել է Հանուն ընտանիքի եւ առողջության հասարակական կազմակերպությունում որպես վարչական օգնական:

• 2006-2007 թվականներին աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրում որպես ազգային կայուն զարգացման ծրագրի համակարգող:

• 2008-2009 թվականներին Ջորջթաուն համալսարանի կենսաանվտանգության բաժնի վերլուծաբան, փորձագետ:

• 2010-2013 թվականներին հասարակական հիմունքներով աշխատել է Caucasus Edition, Journal of Conflict Transformation պարբերականի համախմբագիր:

• 2012-2017 թվականներին համահիմնադրել է Գրին Բին էկո սրճարանների ցանցը:

• 2014-2017 թվականներին աշխատել է որպես Նիդեռլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի փորձագետ:

• 2015-2017 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Extension բաժնում, մշակելով եւ դասավանդելով կանանց առաջնորդության եւ իրավահավասարության դասընթացներ:

• 2016 թվականին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի General Education ամբիոնում, դասավանդել է քաղաքագիտություն:

• 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ:

Իրինա Ղափլանյանը նախկին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ակտիվիստ է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա (ամուսինը՝ Դեյվիդ Բեքքեթը, ամերիկացի է)