ԱՄՆ-ն եւ Բրիտանիան կկարողանան բովանդակալից եւ արդար երկկողմ առեւտրային համաձայնագիր կնքել այն բանից հետո, երբ Բրիտանիան կլքի ԵՄ-ն:

Այդ մասին երեքշաբթի վստահություն է հայտնել երկու երկրներից խոշոր ընկերությունների մասնակցությամբ կլոր սեղանի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը, որը 3 օրյա պետական այցով գտնվում է Բրիտանիայում, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«Ես կարծում եմ, որ մենք շատ եւ շատ բովանդակալից առեւտրային համաձայնագիր կկնքենք, որը նաեւ շատ արդար կլինի, ինչը, ինչպես ինձ թվում է, ցանկանում են երկու երկրները, - ասել է Թրամփը, որի ներածական խոսքը հեռարձակել է Sky News հեռուստաալիքը,- Մենք այն կկնքենք»:

Ընդ որում նախագահ Թրամփը նշել է, որ չի կարող երկու երկրների միջեւ նոր առեւտրային համաձայնությունների  կոնկրետ ժամկետները նշել:

 «Դուք մեր խոշորագույն գործընկերներն եք եւ ես կարծում եմ, որ այժմ հիանալի հնարավորություն  կա այդ գործընկերությունը ամրապնդելու համար», - հավելել է Թրամփը՝ դիմելով հանդիպմանը ներկա բրիտանացի ձեռնարկատերերին եւ վարչապետ Թերեզա Մեյին:

Բրիտանական կառավարության ղեկավարը, իր կողմից, նշել է, որ համաձայնագիրը թույլ կտա պահպանել երկու երկրների շուկաներն «ազատ, ազնիվ եւ բաց»։ «Շնորհիվ նման երկխոսության, ինչպես այսօր, մենք կարող ենք երաշխավորել, որ մեր տնտեսական գործընկերությունը ոչ միայն կշարունակվի, այլեւ կշարունակի ամրապնդվել գալիք տարիներին՝ մեր առեւտրային կազմակերպություններն ավելի մրցունակ դարձնելով»,- ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ ներածական խոսքում, որից մեջբերումներ նախօրեին տարածվել են Մեյի Դաունինգ սթրիթ 10 գրասենյակի կողմից։

Հանդիպմանը մասնակցում են հինգ բրիտանական եւ հինգ ամերիկյան ընկերությունների՝ BAE Systems-ի, GSK-ի, National Grid-ի, Reckitt Benckiser-ի, Barclays-ի, Lockheed Martin-ի, JP Morgan Chase-ի, Goldman Sachs International-ի, Bechtel-ի, Splunk-ի ղեկավարները։