Գյումրեցի Դավիթ Ադամյանի ընտանիքը հայցում է բոլոր բարեգութ մարդկանց, կազմակերպությունների, բարեգործների աջակցությունը, քանի որ բնակարանն ուր ապրում է նրա հինգ հոգանոց ընտանիքը, 4-րդ աստիճանի վթարային բազմաբնակելիի չորրորդ հարկում է: Բնակարանը գտնվում է շենքի ամենավթարային հատվածում, բավական է նշել, որ դրսից Դավիթի բնակարանի խոհանոցն ու հյուրասենյակը երեւում:
Գյումրիի Սայաթ-Նովա-5 հասցեում գտնվող շենքը դեռ 1990-ականներից վթարային է: «Այն ժամանակվանից դեռ տունն ինքնափլուզվում էր: 3 անչափահաս է մեծանում այս տանը: Մի անգամ ինքնափլում գրանցվեց զուգարանում, մեծ աղջիկս ներսում էր, լավ էր երեխային լուրջ վնաս չեղավ: Մի անգամ էլ փոքրիկիս` տղայիս բարուրը օրորոցից վերցրի ու առաստաղի ծեփերը թափվեցին օրորոցին: Աստված է, որ փրկում է ինձ ու երեխաներիս»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դավիթի կինը `Մարինե Ադամյանը:
Հասցեագրած դիմումների պատճենները ընտանիքը մատյանում է պահում: Դրանք անցնում են 2 տասնյակից: «Հայաստանի բոլոր նախագահներին, քաղաքաշինության բոլոր նախարարներին, ԱԺ նախագահներին ում ասես, որ չենք գրել: Ամեն անգամ, երբ անձրեւ է գալիս տունն սկսվում է ջրով լցվել, հուզվում եմ ու գրում»,- ասել է Մարինե Ադամյանն ու հավելել. «Գիշերները չեմ քնում, մտածում եմ, որ ամեն պահի կարող են երեխաներս փլատակների տակ մնան, իսկ ամուսինս ոստիկան է: Այնպես եմ բարկանում, ո՞ւմ ես պաշտպանում, ո՞ւմ օրենքը, ո՞ր երկրին, մեկը լինի քո խեղճ ու կրակ ընտանիքը պաշտպանի»:
Ընտանիքի հայր Դավիթ Ադամյանն էլ ասում է, թե ափսոսում է, որ նման երեխաներ է ծնել այս երկրի համար: «էս երկիրը մտածո՞ւմ է էս էրեխեքի մասին, որ տղաս էլ մեծանա ու բանակ գնա: Արդեն հոգնել եմ, կնոջս ասում եմ` ինձ չասես, թե տունն էլի փլուզվեց, մի ասա, թող մոռանամ, թող հանգիստ ապրեմ: Բայց երբ գիշերային հերթի եմ լինում ուշք ու միտքս այն է, որ կարող է ցնցում լինի ու …էլ ոնց ասեմ` ուզում եմ ընտանիքիս հետ լինեմ, ինչ լինում է, թող հինգիս իրար հետ լինի»,- նշում է Դավիթը:





























