Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքներն անցկացվում են իրավիճակի թեստավորման համար: Հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Հանրահավաքները յուրատեսակ թեստ են: Կադրերից երեւում է, որ այնտեղ թանկարժեք սարքավորում է եղել: Նպատակն է տեսնել, թե հանրահավաքն ինչպես կանցնի: Արդյունքներից կախված հայտարարել. եթե լավ անցնի՝ մենք կապ ունենք, եթե ոչ՝ մենք ինչ կապ ունենք: Սա ուժի ստուգում է: Առավել եւս, որ ՀՅԴ-ն բավականին լուրջ հանրահավաք անցկացրեց»,- նշեց Աղասի Ենոքյանը: Նա հիշեցրեց, որ դատարանները շրջափակելու կոչին արձագանք չհետեւեց, գործադրվեց միայն վարչական ռեսուրսը: «Չեմ ցանկանում պնդել, որ Փաշինյանի վարկանիշը նվազել է, բայց կարող եմ ասել, որ աջակցության խումբը պակաս ակտիվ է»,- կարծում է Ենոքյանը:
Վարկանիշի մասին հարցի պատասխանը կտան հաջորդ ընտրությունները, շեշտեց Ենոքյանը: «Կան սահմանադրական ճանապարհներ: Ճիշտ է, որքան ժամանակն անցնում է, այնքան իշխանությունները քամահրում են Սահմանադրությունը, բայց եկեք մենք այդպես չվարվենք»,- եզրափակեց քաղաքագետը:





























