ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի հետ կապված ծեծի պատմությունը տեղավորվում է հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման պատճառահետեւանքային կապի տրամաբանության մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Նախօրեին մեծ աղմուկ բարձրացրեց ակտիվիստի հետ կապված ծեծի պատմությունը, որին արձագանքեցին ՀՅԴ ներկայացուցիչները։ Այս ամեն ինչը տեղավորվում է այն մտայնության մեջ, որի մասին մենք բազմիցս խոսել ենք, այսինքն հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման պատճառահետեւանքային կապի տրամաբանության մեջ է տեղավորվում։ սակայն մյուս կողմից էլ ցանկացած տեսակի բռնության  դրսեւորում չի կարող արդարացնել կոնկրետ երեւույթը։ Այս դեպքում հույս ունենք, որ ցանկացած նմանօրինակ դրսեւորում հնարավոր կլինի հարթել առանց բռնության կիրառման»,–նշեց նա։

ԱԺ ԲՀԿ–ական փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն էլ իր հերթին հավելեց. «Օրենքի առջեւ բոլորն են հավասար, տեղի ունեցածը պետք է տեսնել եւ նայել այդ տիրույթում»։ 

Նա նաև շեշտեց՝ բռնութունն ու բաժանարար գծերն անունդունելի են իրենց համար։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Վարդան Հարությունյանը եւ հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել:

Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին եւ գլխին՝ պատճառելով վնասվածք:

ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:

Երեկ ՀՅԴ–ականները հերթով ներկայանում էին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ամեն մեկն իր հերթին նշելով, որ հենց ինքն է ծեծել ակտիվիստին։